ԵԽ պատգամավորը հայաստանյան նախորդ և այս ընտրությունները համեմատել է գիշեր-ցերեկի հետ
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաութալան տպավորված է եղել Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու փաստով այնքան, որ երեկ գիշերը, մինչև ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Հայաստանում 2017-ի ապրիլի 2-ին և 2018-ի դեկտեմբերի 9-ին անցկացված ընտրությունները համեմատելով գիշեր-ցերեկի հետ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽ պատգամավորը հաստատեց, որ այդ գրառման հեղինակն ինքն է և այժմ էլ պնդում է. «Այո, նախորդ ընտրությունների հետ համեմատ, երբ արձանագրվել էին հետապնդումներ, միջամտություններ, այդ ընտրություններում նման բան չի եղել։ Այս ընտրությունները, ես ուրախ եմ նշել, որ իսկապես ազատ էին»։
Հարցին՝ արդյոք հայաստանյան նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԽ պատգամավորը դիտարկել է նման իրավիճակ՝ հետապնդումներ, միջամտություններ և այլն, Հաութալան պատասխանեց, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք դիտարկել են ճնշումներ, եղել է «քվեների առուվաճառք»։
Նկատենք, որ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրել է նաև 2017-ի ապրիլի 2-ին կայացած խորհդրարանական ընտրություններում։
Նա բավականին խիստ գնահատականներ է տվել ընտրությունների ընթացքի մասին, ասուլիսում հայտարարել, որ գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների, մասնավորապես՝ դպրոցներում ու հիվանդանոցներում քաղաքացիական ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների ահաբեկումներով, ինչպես նաև վարչական դիրքի չարաշահմամբ։