23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է (լուսանկար)
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։50-ի սահմաններում Խաչփար գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Եսայանը իր վարած Nissan մակնիշի 65 XX 500 համարանիշի ավտոմեքենայով Խաչփար գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պատին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան էլ կոտրել է տան առջև տեղադրված երկաթե պաշտպանիչ սյուները և կողաշրջվել։
Վթարի վայրի հարևանությամբ ապրողներն ու հետո նաև գյուղի բնակիչները բողոքում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, որոնց մի մասը նաև ողբերգական են եղել, ու երբ տարիներ առաջ նշված հատվածում տեղադրվեց արագաչափ, դեպքերը դադարեցին։ Արագաչափի հանելուց հետո կրկնակի ավելացել է վրաերթերի ու ավտովթարների թիվը, ու հիմա գյուղացիները խնդրում են նորից տեղադրեն արագաչափ սարք կամ ճանապարհի 2 կողմերից արհեստական անհարթություն տեղադրեն, հակառակ դեպքում վթարների թիվը կշարունակի աճել։
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերվեց և ի պահ հանձնվեց վարորդին։