Մակրոնը հանդիպում կանցկացնի՝ լուծելու Ֆրանսիայում ստեղծված ճգնաժամը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հանդիպում է ունենալու արհմիությունների և գործատուների միությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով լուծում գտնել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում արդեն 4 շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին և անկարգություններին:
Հանդիպումից առաջ Մակրոնը հեռուստաուղերձով հանդես կգա, որի ընթացքում պետք է հայտարարի ձեռնարկվող քայլերի մասին:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժումը սկսվել է նոյեմբերի 17-ին: Վառելիքի գնի բարձրացման դեմ ուղղված ցույցերը վերածվել են անկարգությունների: Ցուցարարները բողոքում են նաև կառավարության ընդհանուր գործունեությունից, թանկ կենսապայմաններից և պահանջում են երկրի նախագահի հրաժարականը:
Իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով կան հարյուրավոր վիրավորներ և հազարից ավելի ձերբակալվածներ: