Բրյուսելում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 400 «դեղին բաճկոնների»
Փարիզում սկիզբ առած բողոքի ակցիաները տարածվել են նաև եվրոպական այլ մայրաքաղաքներում: «Դեղին բաճկոնների» ակցիա է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում, հաղորդում է Interfax-ը: Բրյուսելի ոստիկանության տվյալներով՝ ցուցարարների թիվը հասել է շուրջ 1000-ի: Իրավապահների գործողություններից հետո ձերբակալվել է գրեթե 400 մարդ:
Ոստիկանությունը շրջապատել է «դեղին բաճկոններին»: Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են գլաքարեր, վերջիններս էլ ջրցան մեքենաներ են գործի դրել և արցունքաբեր գազ կիրառել:
Ոստիկանությունը շրջափակումից դուրս է բերել այն մարդկանց, ովքեր իրենց խաղաղ ցուցարար են համարել և ասել են, որ չեն ցանկանում մասնակցել բախումներին:
Ոստիկանությունն աստիճանաբար սեղմել է օղակը, այնուհետև շրջափակման մեջ հայտնված ցուցարարներին գետնին նետել և մեկը մյուսի հետևից ձեռնաշղթաներ հագցրել:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան սկսվել էր Ֆրանսիայում 4 շաբաթ առաջ: Ցուցարարները բողոքում են վառելիքի գնի բարձրացման դեմ: