Ամերիկյան տիեզերանավը սուրբծննդյան սեղանի հյուրասիրություն է հասցրել Միջազգային տիեզերակայան
Ամերիկյան SpaceX ընկերության Dragon բեռնատար տիեզերանավը սննդամթերքից, սարքավորումներից բացի այսօր նաև սուրբծննդյան հյուրասիրություն է հասցրել Միջազգային տիեզերակայանի անձնակազմին: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, այս մասին տեղեկացրել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, տոնական սեղանի հյուրասիրության մաս են կազմում ապխտած հնդկահավը, կանաչ լոբով ուտեստ, քաղցր տապակած կարտոֆիլով նախուտեստ, լոռամրգի սոուս և մրգային կեքս:
ՆԱՍԱ-ի հաղորդմամբ՝ ըստ Գրիգորյան տոմարի նշվող Սուրբ Ծնունդի օրը՝ դեկտեմբերի 25-ը, Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար աշխատանքային չէ:
Նշվում է, որ ներկա պահին տիեզերակայանում գտնվողներից ոչ բոլորը կկարողանան մասնակցել տոնական խնջույքին, քանի որ ռուս տիեզերագնաց Սերգեյ Պրոկոպևը, գերմանացի Ալեքսանդր Գերստը և ամերիկուհի Սերինա Չենսելլորը դեկտեմբերի 20-ին պետք է վերադառնան Երկիր: