Գերմանիան դեմ է հակառուսական նոր պատժամիջոցների կիրառմանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ նոր պատժամիջոցների սահմանման գաղափարը կապված է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ:
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հակառուսական պատժամիջոցների ներդրման վերաբերյալ հանդես գալ որևէ առաջարկով:
«Ներկա պահին, կարծում եմ, որ ճիշտ չի լինի նոր պատժամիջոցների հարցը քննարկել, քանի որ քայլեր են ձեռնարկվում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասել է գերմանացի պաշտոնյան:
Նա նաև հայտարարել է, որ նոր պատժամիջոցների սահմանման հարցի շուրջ ԵՄ երկրների միջև դեռևս կոնսենսուս (միաձայնություն-խմբ.) չկա: