Հայ-ռուսական հարաբերություններն արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում առավել ամրապնդվում են
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը: Նիստը համանախագահում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը:
Նիստին մասնակցեցին հայկական կողմը ներկայացնող վարչության անդամներ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ Մարիամ Գևորգյանը, ռուսական կողմը ներկայացնող ՌԴ ԱԻՆ ուժերի պատրաստվածության և հատուկ հրդեհային պաշտպանության վարչության պետ Մաքսիմ Մաքսիմենկոն և ՌԴ ԱԻՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Իգոր Վեսելովը: Ներկա էին նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը, ռուսական կողմից համատնօրեն Յուրի Պոլեշչուկը և այլ պաշտոնատար անձինք:
Նիստը մեկնարկեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ վարչության անդամներին և նիստի մասնակիցներին ուղղված ուղերձի ընթերցմամբ:
«Ակնհայտ է, որ 21-րդ դարում պահպանվում է բնածին և տեխնածին աղետների աճի, ինչպես նաև մարդկության համար նոր ռիսկերի և վտանգների ի հայտ գալու միտումը: Վերոնշյալ հանգամանքները լրջագույն վտանգ են երկրների կայուն զարգացման համար: Մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ Հայաստանի և Ռուաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցության հետագա ամրապնդման համար: Արտակարգ իրավիճակներին և աղետներին համարժեք արձագանքումը հանդիսանում է այս համագործակցության հիմնական բաղադիչներից մեկը: Համագործակցության այս ձևաչափի ցայտուն օրինակներից է՝ արդեն երկու տարի ՀՀ տարածքում գործող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ երկրների տարածքում գրանցվող արտակարգ պատահարներին արձագանքելու նպատակով»,- ասված է Ֆելիքս Ցոլակյանի ուղերձում:
Նիկոլայ Գրեչուշկինն իր բացման խոսքում, ողջունելով ներկաներին, նշեց, որ վարչության նիստի շրջանակներում սերտ շփման հնարավորությունը կնպաստի կենտրոնի զարգացմանը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության սերտացմանը:
«Մեր երկու երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունները մշտապես պատրաստ են միմյանց օգնության ձեռք մեկնելու, և այդ առումով Կենտրոնը հանդիսանում է մեր համագործակցությունը ամրապնդող գլխավոր օղակներից մեկը»,- ասաց Նիկոլայ Գրեչուշկինը:
Վերջինս նշեց, որ նախօրեին ՌԴ ԱԻՆ պատվիրակության անդամները այցելել են Կենտրոն և շատ տպավորված են տեսածով:
«Մենք գիտակցում ենք, որ բոլոր հաջողությունները և Կենտրոնի բնականոն գործունեությունը համատեղ հետևողական աշխատանքի արդյունք է, ինչը հնարավոր չէր առանց հայ-ռուսական սերտ համագործակցության»,- շեշտեց Նիկոլայ Գրեչուշկինը:
Նրա խոսքով՝ չնայած որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը ստեղծվել է ընդամենը 2016 թ.-ին, սակայն հասցրել է իրականացնել մի շարք կարևորագույն մարդադիրական նախաձեռնություններ, որոնցից վարչության ՌԴ համանախագահն առանձնացրեց Սիրիայի արաբական հանրապետությանը մարդասիրական օգնության տրամադրումը, ինչպես նաև՝ «Խոսորովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն, հերթին նշեց, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը «Մի մեծ հայ-ռուսական ընտանիք է»՝ վստահություն հայտնելով, որ Կենտրոնի նկատմամբ երկկողմ հոգածությունը օր-օրի միայն ավելանալու է:
Նիստի ընթացքում քննարկվեց 4 հիմնական հարց. հաստատվեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ 2018թ. գործունեության հաշվետվությունը: Ավարտվող տարում կենտրոնի գործունեությունը ծավալուն զեկույցով ներկայացրեց նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը:
Վերջինիս խոսքով՝ Կենտրոնի գործունեության առաջնահերթություններից են մասնագետների որակավորման բարձրացման և ուսուցման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև հեռավար կոնֆերանսների և սեմինարների անցկացումը, ինչի կազմակերպման համար Կենտրոնը ունի բավարար տեխնիկական հագեցվածություն:
Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի՝ 2019 թ. համար նախանշված հիմնական միջոցառումների պլանի և կենտրոնի ռուսական կողմի ֆինանսական պլանի հաստատումն էր: Այս, ինչպես նաև մյուս՝ Կենտրոնի 2019-2021 թթ. զարգացման հայեցակարգի մասին հաստատման հարցերը մանրամասն ներկայացրեց ռուսական կողմից կենտրոնի համատնօրեն Յուրի Պոլեշչուկը:
Վերոնշյալ բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն:
Օրակարգում ընդգրկված վերջին հարցը հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի և համատնօրենի պաշտոններում ռուսական և հայկական կողմերի ներկայացուցիչների ռոտացիայի իրականացման հարցն էր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրացել են Կենտրոնի տնօրեն փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և ռուսական կողմից համատնօրեն Յուրի Պոլեշչուկի պաշտոնավարման ժամկետները՝ վարչությունն որոշում ընդունեց նոր տնօրենի և համատնօրենի նշանակման առաջարկությամբ դիմել ՀՀ և ՌԴ լիազոր մարմինների ղեկավարներին:
Նիստի ավարտին Կենտրոնի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների մեդալներով, իսկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Փառքի խաչ Նոյ» մեդալով։