«Ախր դու ո՞վ ես». Էրդողանին բարկացրել է բարձրագույն վարչական դատարանի դատախազը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բարկացրել է երկրի բարձրագույն վարչական դատարանի որոշումը,ըստ որի թուրքական ԶՈւ-ում կանանց գլխաշոր կրելու իշխանությունների թույլտվությունը հակասահմանադրական է, գրում է diken.com.tr կայքը:
«Մի դատախազ է մեջտեղ ելել, ախր դու ո՞վ ես: Ինչո՞ւ ես ուզում չեղարկել սա, եթե ամեն բան օրենքի շրջանակում է կիրառվում: Սրանք հին Թուրքիայից մնացած կադրեր են», - ասել է Էրդողանը:
Նշենք, որ դատարանը ԶՈւ-ի անդամ կանանց գլխաշոր կրել թույլատրելը համարել է Թուրքիայի սահմանադրության մեջ առկա «աշխարհիկության մասին» սկզբունքին հակասող՝ հիշեցնելով, որ պետական ծառայողներն, ըստ Սահմանադրության, որևէ կերպ իրավունք չունեն ակնհայտ ցուցադրելու իրենց քաղաքական կամ կրոնական հայացքները:
Հիշեցնենք, որ դեռևս 2016թ.-ի օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել էր կին ոստիկաններին գլխաշոր կրելն արգելող օրենքը, որը գործում էր մինչ այդ:
2007թ.-ին դեռևս վարչապետ Էրդողանը համառ ջանքերի արդյունքում վերացրեց Թուրքիայի համալսարաններում գլխաշոր կրելու արգելքի մասին օրենքը, այնուհետև 2013թ.-ին «Ժողովրդավարացման փաթեթի» շրջանակում պետական հաստատությունների աշխատակիցների շրջանում նույնպես վերացվեց այդ արգելքը:
Ի դեպ, Թուրքիայում կանանց գլխաշոր կրելու արգելքի շուրջ վեճերը սկսվել են 1960-ական թվականներից, երբ տարբեր ուսումնական հաստատություններում խիստ ավելացավ գլխաշոր կրող աղջիկների ու կանանց թիվը:
1980թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո պաշտոնապես արգելվեց գլխաշոր կրել ուսումնական հաստատություններում և պետական հիմնարկներում:
Էրդողանն ու իր կուսակցությունն առաջինն էին, որ համառ ջանքերի շնորհիվ կարողացան վերացնել գլխաշոր կրելու արգելքը Թուրքիայում: