Փարիզում ցուցարարների դեմ փողոց են դուրս բերվել զրահապատ մեքենաներ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փողոց են դուրս բերվել ժանդարմերիական զրահապատ մեքենաներ, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
«Դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառով փողոց դուրս բերված մեքենաները դիրքավորվել են Ֆրանսիայի ազգային ժողովի (խորհրդարանի ներքին պալատ) շենքի մոտ:
Զրահապատ մեքենաները զինված են բարիկադներ քանդելու հարմարանքներով և կարող են արցունքաբեր գազ արձակել:
Վերջին անգամ Փարիզի փողոցներում զրահապատ մեքենաներ են հայտնվել 2005 թվականին:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տվյալների՝ Փարիզում այսօր անցկացվող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում ձերբակալվածների թիվը հասել է 480-ի, նրանցից 211-ը կալանավորվել են:
Հայտնի է նաև, որ Ելիսեյան դաշտերում այսօր վերսկսված լայնածավալ ցույցերին մասնակցում է շուրջ 1500 մարդ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար։