Ադրբեջանի վերահսկիչ պալատն ԱԳՆ-ում դրամական յուրացումների դեպքեր է բացահայտել
Ադրբեջանի վերահսկիչ պալատն արտաքին քաղաքական գերատեսչությունում ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ է բացահայտել բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման հարցում:
Պալատը ստուգել է 2017թ. հունվարի 1-ից 2018թ. փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 59 252 700 մանաթի օգտագործումը:
«Հաշվետու ժամանակահատվածում սխալ են հաշվարկվել նախարարության երկու աշխատակցի համար հարկային արտոնությունները, ինչպես նաև սխալներ են թույլ տրվել արձակուրդայինների հաշվարկներում: Բացի այդ, հայտնաբերվել են պետբյուջե հատկացումների մասով ուշացման դեպքեր»,-հայտարարել են ՎՊ-ից:
Բացի այդ, ԱԳՆ-ն չի վերադարձրել արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար հատկացված գումարների ավելցուկները:
Բացահայտված խախտումների հիման վրա ՎՊ-ն ԱԳՆ-ին համապատասխան փաստաթուղթ է հղել՝ առկա խախտումները վերացնելու ու դրա մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: