Էրդողանը Պուտինին խնդրել է ազատ արձակել ուկրաինացի զինվորականներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օրերս ձերբակալված ուկրաինացի ռազմածովայիններին: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի նախագահը, հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո զրույց է ունեցել ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
«Հիմա, որքան տեղյակ եմ՝ դեպքի հետաքննության գործընթաց է ընթանում, դրանից հետո որոշում կկայացվի»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ նշված պարագայում թուրքական կողմը կարող է հանդես գալ որպես տարբերակ առաջարկող ու ավելին չի պատրաստվում անել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև բախում էր տեղի ունեցել: Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ էին կատարել: Ռուսական կողմը հարվածել էր ուկրաինական նավին և կրակ էր բացել, այնուհետև կալանել էր ուկրաինական 3 նավերը: