Խոշոր վթար Գեղարքունիքում. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են (լուսանկար)
Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Ս.-ն, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ 40-ամյա Էլմիրա Ս.-ն, «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ 2-ամյա Ալեքս Ն.-ն, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ 59-ամյա Կարինե Մ.-ն եւ 33-ամյա Հովհաննես Մ.-ն՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 QL 041 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետեւանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: