Բացատրությունը բուռն է եղել. Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից գազի գնի շուրջ վիճելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինից գազի գնի շուրջ հրապարակավ վիճելու համար, ինչը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուկաշենկոյի և լրագրողի զրույցից կադրեր են հրապարակվել YouTube-ում: Բելառուսի նախագահի խոսքով՝ Պուտինի հետ երկխոսության ժամանակ ինքը ոչ պատշաճ կերպով է ելույթ ունեցել:
«Հետո ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպումը հյուրընկալող տիրոջից: Բացատրությունն այնքան բուռն է եղել, որ ավելի լավ է՝ չլսեք այն», -նշել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած նիստի ժամանակ Լուկաշենկոն բարձրացրել էր ռուսական բնական գազի բարձր գնի հարցը՝ հայտարարելով, որ դաշնակցային հարաբերություններում մատակարարների և սպառողների շահեր չպետք է լինեն: