Ես սովի, ցրտի, պատերազմի ու զրկանքների հաղթանակած վկան եմ. գերմանաբնակ հայ երգչուհի
Երգչուհի Հրաչուհի Բասենցն այն քիչ հայերից է, ով, հեռանալով հայրենիքից, հաստատվում և կարճ ժամանակում մասնագիտական մեծ նվաճումներին է հասնում արտերկրում: Վերջերս Իտալիայի Բուսետո քաղաքում՝ Վերդիի ծննդավայրում կայացած «51° Վերդիի Ձայներ»միջազգային մրցույթում երգչուհին արժանացավ 2-րդ մրցանակին, որը շնորհվեց աշխարհահռչակ բարիտոն Լեո Նուչչիի կողմից: 2011 թվականին նա Բավարիայի Գիտության, Գիտական Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշի կողմից պարգևատրվել է Բավարիայի արվեստը խրախուսող բարձրագույն մրցանակով' իր արվեստի բնագավառում նշանակալի հաջողությունների հասնելու համար, 2006-ին 6-ամսյա աշխատանքից հետո արժանացել Նորդ-Ռայն Վեսթֆալենի Գելզենքիրխեն քաղաքի թատրոնի մրցանակին:
Այժմ Հրաչուհին Գերմանիայի Բավարիա երկրամասի Նյուրնբերգ քաղաքի Պետական Օպերայի թատրոնի առաջատար սոպրանոներից է:
Նախ շնորհավորում ենք երգչուհուն իր բազում հաջողությունների կապակցությամբ և այսօր' հուլիսի 30-ին իր տարեդարձի առթիվ և խնդրում անձամբ հայացք նետել իր կյանքին ու անկաշկանդ պատասխանել մեր հարցերին.
- Նախ' ինչո՞ւ Բասենց: Մեր նամակագրության շնորհիվ ինձ պարզ դարձավ, որ Դուք Հրաչուհի Խումարյանն եք:
- Ինձ համար կարևոր թեմա է դա, որովհետև հայրս, լինելով ֆիզիկոս և Արցախյան ազատամարտի կամավորականներից ու հետագայում էլ մնալով և ծառայելով հայկական բանակին որպես կապիտան վաղեմի մի երազանքն ուներ' երբևէ կարիերա սկսելուց առաջ որպես բեմական անուն վերցնել մեր նախնիների ծննդավայրի՝ Բասեն գավառի անունը, որը հետագայում նաև պիտի ճիշտ ընտրություն լիներ մեր անունները դժվարությամբ արտասանող եվրոպացիների համար:
- Հրաչուհի, Դուք 1996-2003 թվականներին Կոնսերվատորիայում սովորելուց և Հայաստանում տարբեր փառատոններում ու մրցույթներում դափնեկրի կոչումը կրելուց, Հյուսիսային Կորեայում, Ռուսաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Թուրքիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում համերգներով հանդես գալուց հետո տեղափոխվում և 2006-ից բնակություն եք հաստատում Գերմանիայում: Ինչո՞ւ թողեցիք Հայաստանը կամ ինչպիսի՞ն է «արտագաղթի Ձեր պատմությունը»:
- Նախ մի փոքր ճշտում' Հայաստանը չեմ թողել, այլ մասնագիտական առումով այսօր ապրում և ստեղծագործում եմ արտերկրում: Կոնսերվատորիան ավարտելուց հետո հնարավորություն ընձեռվեց մասնակցել Վիենայում անցկացվող Միջազգային Հանս Գաբոր Բելվեդեր երգի մրցույթի նախնական լսումներին, որը տեղի ունեցավ Երևանում: Ընտրվեցի, մասնակցեցի...ցավոք տեղ չզբաղեցրի, սակայն ստացա մի քանի համերգի և օպերային թատրոններից հրավերքներ, այդ թվում Գելզենքիրխենից, որն ավելի նախընտրելի էր պայմանագրի առումով:
Բացի այդ արվեստը ազգություն չի ճանաչում՝ հատկապես Եվրոպայում, այն հակառակը' միաբանում, կրթում, բարիացնում է մարդուն, մաքրում, բժշկում է նրան: Դա մի տիեզերական հարթության վրա անհատներին հանգուցող աստվածային երևույթ է, որտեղ չես կարող առանձնացնել ո՛չ ազգություն, ո՛չ մաշկի գույն և ո՛չ էլ սոցիալական կարգավիճակ:
Այսպիսով' արտերկրում եմ, որովհետև ինձ այսօր այստեղ եմ կարողանում ռեալիզացնել:
- Սկսած Ձեր պաշտոնական http://www.hrachuhibassenz.com կայքէջից մինչև հաղորդավարական խոսքերում Ձեզ ներկայացնելը հսկայածավալ գովազդներ են Հայաստանի համար: Դուք ներկայացնում եք Հայաստանը աշխարհում, քանի որ թերևս ամեն անգամ Ձեր ծագումն ու ազգությունը Ձեր անվան հետ մեկտեղ հնչում է: Ինչպե՞ս են ընկալում Ձեզ կամ Ձեր միջոցով մեզ ու մեր ազգը եվրոպացիները, մասնավորապես' գերմանացիները:
- Ինձ համար մեծագույն պատիվ է լինել հայ և հայ երգչուհի՝ խորապես գիտակցելով, թե ինչ մեծ պատմական ժառանգության տեր եմ և ամբողջ ներուժը, որ ունեմ որպես երգչուհի, ժառանգել եմ իմ հայրենի հողից ու ջրից, իմ արմատներից: Եվրոպացիների կողմից բազմիցս նշվում է հայկական ձայների գունեղության, տաք հնչողության առանձնահատկության մասին, ինչպես նաև հայ տեսակի մասին, որը բացարձակ տարբերվում է մարդկային մյուս տեսակներից՝ իր հյուրասիրությամբ, անսահման բարությամբ, ընկերասիրությամբ և նվիրվածությամբ, ընտանեկան բարձրագույն արժեքների գնահատմամբ և օջախի պահպանմամբ:
- Հայաստանի մասին գիտե՞ն գերմանացիները: Եվ եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ ու պատկերացնումներ ունեն հայ տեսակի ու Հայաստան երկրի մասին:
- Շատ տեղեկացված չեն կամ միայն նրանք, ովքեր որոշ ոլորտներում համագործակցում են հայերի հետ կամ ունեն ասենք, օրինակ՝ ինձ նման հայ ընկերներ, ովքեր սիրահարվածի պես, որտեղ նստում Հայաստանի գովքն է անում :) Դա է պատճառը նաև, որ պատասխանատվություն եմ կրում հնարավորինս շատ ներկայացնել հայ մշակույթը արտասահմանյան հանդիսատեսին: Դրա վառ ապացույցն էր 2011 թվականին Նյուրնբերգի ամենամյա մոտ 100.000-անոց Դասական Բացօթյա Համերգին հայ կոմպոզիտորների չքնաղագույն ստեղծագործությունները երգելը, հայկական անունները և պատմությունը հնչեցնելը իրենց հանրաճանաչ հաղորդավարների շրթունքներով: Չմոռանամ ասել, որ ստեղծագործությունները Նյուրնբերգի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարվում էին առաջին անգամ: Իսկ այն հարցին, թե ինչ պատկերացնումներ ունեն հայ տեսակի ու Հայաստան երկրի մասին, ինչպես արդեն վերոհնչյալ հատվածում ասեցի, մեր միջոցով (մեր' ի նկատի ունեմ արվեստի գործիչների, գիտական աշխատողների և այլն) շատ դրական պատկերացում են կազմում, բայց ընդհանրապես Հայաստան երկրից ցավոք շատ քչերն են տեղեկացված, ավելի ճիշտ' շատ-շատերը թերի, թյուր կարծիք ունեն, ճիշտ կլինի ասել' դեզինֆորմացված են: Դա ապատեղեկացվածության մեծ խնդիր է և համարում եմ միայն մեր կողմի բացթողումը:
- Ինտերնետում կարելի է գտնել ձայնագրություններ, որտեղ Դուք հայերեն եք երգում: Ինչո՞ւ Ձեր հայերեն երգացանկը' ի տարբերություն միջազգայինի, Ձեր կայքէջում տեդադրված չէ:
- Ճիշտ եք, .սակայն այդ ձայնագրությունները արված են սիրողական մակարդակով, շատերն էլ ինձ չեն պատկանում և դրանց հեղինակային իրավունքը ես չունեմ: Մշտապես խտասկավառակ ձայնագրելու առաջարկներ են լինում, կարծում եմ' դա խոսում է պահանջարկի մասին, արդեն պետք է զբաղվել այդ հարցով: Իմ կայքէջը գոյություն ունի 1 տարուց ավելի քիչ, հետագայում կտեղադրվեն նաև հայկական երգացանկից ձայնագրություններ, որոնք կհամապատասխանեն կայքէջին:
- 34 տարեկան եք, գերմանական մամուլը Ձեզ որպես «տեսքի ու ձայնի չքնաղությունների» մարմնացում է ներկայացնում: Դուք ամուսնացած եք ու համաշխարհային մակարդակի կարիերա եք ձեռնարկել: Ի՞նչն է պակասում Ձեզ կյանքում, ինչի կարիքն եք զգում:
- Ես մեծացել եմ արվեստասերների ընտանիքում, ովքեր ինձ միշտ խրախուսել և մեծ ներդրում են ունեցել իմ հետագա զարգացման համար: Շատ շնորհակալ եմ ծնողներիս իրենց բազմաթիվ զոհերի համար: Ես Հայաստանի ծանր ժամանակների պտուղ եմ, մթի ու սովի, ցրտի, պատերազմի ու զրկանքների հաղթանակած վկան… Դժվար չէ պատկերացնել' ինչ պետք է արժենար իմ ծնողներին տանը երգչուհի ունենալը և նրա բեմելները ապահովելը:
Երջանիկ եմ ու Աստծուց անչափ շնորհակալ իմ հրաշալի ընտանիքի համար՝ մայրս' Ամալյա Բաբլոյանը, այժմ «Վանուշ» պարային համույթի պարուհի է, նաև ունի շատ գեղեցիկ ձայն, որով հիացրել է հարազատներին և ընկերներին ժողովրդական երգերի իր չքնաղ կատարումներով, ումից էլ ժառանգել եմ սերը դեպի արվեստը: Ամուսնինս՝ հայ հանրությանը լավ ծանոթ բարիտոն Գոռ Հարությունյանն ինձ ևս աջակցում է, մենք այժմ միասին աշխատում ենք նույն թատրոնում, եղբայրս էլ վերջերս ավարտեց Շտուտգարտի Ջոն Քրանքոյի անվան Եվրոպայի լավագույն բալետ ակադեմիան և 9-ամյա որդիս, ով նվագում է դաշնամուր, երգում է մեր թատրոնի մանկական երգչախմբում և շատ հաճախ մեզ հետ բեմ բարձրանում: Քանի դեռ նա փոքր էր պատասխանատվության զգացումս թույլ չէր տալիս իրեն թողած իմ կարիերայով զբաղվել: Այսօր այլևս չունեմ այդ դժվարությունները, լուրջ կարիերա սկսելու համար կան բոլոր նախադրյալները՝ հատկապես ընտանիքիս աջակցությունը, կարող եմ ասել' ոգևորված ու հանգիստ եմ, աշխատանքային առօրյան կազմակերպելու վտավախություններ չունեմ: Պարզապես ավելի մեծ բարձունքների համար հարկավոր է համագործակցել ավելի լուրջ երաժշտական ագենտների կամ մենեջերների հետ:
- Հայաստանը և այնտեղ ապրող հայերը բազում կարիքներ ունեն: Դուք փորձում եք նաև Ձեր համերգներով սոցիալական ծրագրերի աջակցել Հայաստանում և այլն: Բազմիցս նշվում է, որ Դուք ամուր կապերով կապված եք Հայաստանին: Ինչպե՞ս է դրսևորում այդ «կապը»:
- 2006 թվականից միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել հայ համայնքների կազմակերպած տարբեր համերգներին, մշակութային ծրագրերին' Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի (ԳԿԽ), Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) կազմակերպած միջոցառումներին: Մասնակցել եմ Քյոլնի եկեղեցում տեղի ունեցած Զատկի Մեծ պատարագին, Ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներին (Բեռլին, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ), 100 համերգ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, «Հայկական մշակույթի օրեր» միջոցառումներին Շտուտգարտում:
2012-ին Նյունբերգի քաղաքապետարանի կողմից ընտրվեցի Քրիստքինդի հետ մեկնելու Բրյուսել' ամանօրյա երաժշտական բարև փոխանցելու Եվրախորհրդարանում Բավարիան ներկայացնող հարյուրավոր բարձրաստիճան քաղաքական գործիչներին: Անգամ այնտեղ հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծաքործություններ և ներկայացվեց Հայաստանը:
Կուզենամ հիշատակել նաև 2011 թվականին Էռլանգեն քաղաքի «Հայաստան» բարեգործական կազմակերպության նախագահ Գեորգ Վալխերի (Hayastan e.V. Erlangen, Verein der Freundinnen und Freunde, Foerderinnen und Foerderer Armeniens), Հոյշտատ ան դեր Այշ քաղաքում գտնվող Սանտ Գեորգ բարեգործական կազմակերպության «Հայաստանի օգնություն»բաժնի ղեկավակար – համակարգող դոկտոր Մարգարետե Վալխերի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-համերգին, որտեղ ներկայացվեցին Արչի Գալենցի կտավները և իմ կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Այս համերգի դրական արձագանքները նպաստեցին նրան, որ 2012-ի աշնանը Էռլանգենի « Հեռց Յեզու» (Herz Jesu) կաթոլիկ եկեղեցում կազմակերպվեց ևս մեկ ավելի մեծ բարեգործական համերգ՝ իմ, բարիտոն Գոռ Հարությունյանի և տաղանդավոր դաշնակահարուհի Անահիտ Տեր-Տաճատյանի մասնակցությամբ, որի հասույթը օգտագործվեց Վանաձորի մանկատան կարիքները հոգալու համար:
Պլանավորված են և պլանավորվում են համերգներ «Հայկական երգի երեկո» և «Հայկական օրեր» Նյուրնբերգի թատրոնում և Յենա քաղաքում պետական մասշտաբով: Այժմ ունեմ երկու երազանք' հայկական օպերաները հնչեցնել արտերկրում և ձայնս ծառայեցնել Հայաստանի ծնողազուրկ, կարիքավոր երեխաների կարիքները հոգալուն: Ամեն մարդ մի առաքելությամբ է լույս աշխարհ գալիս. կարծում եմ' դա է իմը, քանի որ ես մեծ բավականություն եմ ստանում երեխաներին օգնելով:
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անի ամեն մի հայ մարդ, որ մեր երկրում կենսապայմաններն ավելի բարեկեցիկ դառնան, որ փոքրիկ Հայաստանում մարդիկ սիրով և երջանիկ ապրեն, որ արդարություն և ապահովվածություն տիրի երկրում:
- Նախ պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի: Ինչպես ասեցիք, փոքրիկ Հայաստանը ըստ իս' այնքան էլ դժվար չէ դրախտավայր դարձնել: Մեր ազգը շատ տաղանդավոր է և հնարամիտ, քարից հաց քամող, ոչնչից ինչ-որ բան ստեղծող…
Իմ խորը համոզմամբ' սերը, սրտացավությունը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, օրինապահ հասարակությունը, առողջ քննադատությունը, չարախոսության բացառումը, աշխատանքի մեջ հարազատ-բարեկամ-քավոր-սանիկ-ընկեր և այլն չճանաչելը մեզ մեծ բարձունքների կհասցնի: Ամեն մեկս պետք է հասկանանք, որ մենք ենք պետությունը, երկիրը ամեն մեկս ենք և երկրի տերը ժողովուրդն է, որ պետք է գնահատել, մեծարել մեծություններին ոչ միայն իրենց չլինելուց հետո , այլ արժանավայել կյանք ապահովել կենդանության օրոք՝ ծախսերին համապատասխանող աշխատավարձեր սահմանելով: Չ՞է որ այդ մեծություններով է ազգը դիմանկար ունենում, որոնց բարոյական և հայրենասիրական օրինակների վրա են դաստիարակվում սերունդները:
Համոզված եմ, որ արտագաղթի հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն են և ըստ այդմ մարդու իրավունքների ոտնահարումը: Չեմ ցանկանում քաղաքականացնել մեր հարցազրույցը, բայց նախկին սովետական ռեժիմից ժառանգած կոռուպցիոն մտածելակերպը դեռևս թույլ չի տալիս մեր իշխանություններին անմնացորդ նվիրվել մեր ժողովրդի և մեր հայրենիքի պայծառ ապագայի կերտման սուրբ գործին: Սա ինձ մեծ ցավ է պատճառում:
Մեծ ցավ է պատճառում նաև այն հանգամանքը, որ ավելի շատ խոսում և հպարտանում ենք առաջին Քրիստոնյա ազգ լինելու վերաբերյալ, քան որ ապրում ենք քրիստոնեավայել: Մոմավառությամբ, մատաղօրհնեքով, եկեղեցի կառուցելով քրիստոնյա չեն լինում և հոգին չեն փրկում: Քրիստոնյա լինելը դա հավատք է՝ Քրիստոսի հետևորդը լինելու որոշում, որ կայացրեց Տրդատ Գ թագավորը՝ քրիստոնեությունը որպէս պետական կրոն ընդունելով, ինչպես Աբգար թագավորը կանչեց Քրիստոսի անունը... Երազում եմ մի օր իսկապես տեսնել մեր բազմաչարչար հայրենիքը՝ դրախտավայր սարքող աստվածավախ «թագավորով» և ժողովրդին սիրող ղեկավարներով:
Հարցազրույցը' Անի Մաթևոսյանի
Հուլիս 2013, Գերմանիա
Լուսանկարները` Լյուդվիդ Օլահի