Նոր օրենքով Թուրքիայում զգալիորեն սահմանափակվում է ծխախոտի օգտագործումն ու վաճառքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր օրենք է ստորագրել, որը զգալի սահմանափակումեր է նախատեսում այդ երկրում ծխախոտի վաճառքի, օգտագործման համար՝ արգելք սահմանելով նույնիսկ տուփերի վրա ընկերությունների տարբերանշանների պատկերման հարցում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նոր օրենքն արգելում է այն ֆիլմերի, սերիալների, երաժշտական տեսահոլովակների, գովազդների ու ճանաչողական տեսանյութերի ցուցադրությունը, որոնց մեջ կլինեն ծխախոտային արտադրանք պատկերող տեսարաններ: Այս կարգավորումը վերաբերում է նաև կինոթատրոններին ու թատերական ներկայացումներին: Արգելվել է նաև հանրության համար համացանցային բաց ռեսուրսներում ծխախոտի գովազդը։
Արգելվել է ծխախոտային արտադրանքների վաճառքը առողջապահական, ուսումնական, մշակութային ու սպորտային հաստատություններում, ինչպես նաև համալսարանական հանրակացարանների տարածքներում:
Ծխախոտային արտադրանքների տուփերի վրա վնասի մասին տեղեկացնող գրությունները կամ պատկերները պետք է զբաղեցնեն տուփերի մակերեսների 85 տոկոսը՝ այժմյան 65-ի փոխարեն:
Օրենքով նախատեսված այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 7 ամսվա ընթացքում: