«Ձմեռային հեքիաթ» Երևանի պատմության թանգարանում
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և տարբեր այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:
«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որն իր մեջ ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», – նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակից դառնալ նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:
«Յուրաքանչյուր տարեմուտի թանագարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման», – իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:
Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:
«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը: