Պաշտոնական Բաքուն մտահոգ է Երևանում անցկացված «Լազարևյան ակումբի» նիստի առթիվ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին հայաստանցի ու ռուսաստանցի քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ անցկացված «Լազարևյան ակումբի» առաջին նիստը ուղղված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վնասմանը։
Պաշտոնական Բաքուն հիշատակել է Արցախի անունը և հերթական անգամ բողոքել, թե Արցախի իշխանավորների մասնակցությունը այդ քննարկումներին, ռուսաստանցի պաշտոնյաների արած հայտարարությունները և այլն հակասում են Արցախյան հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, այդ «հակասությունները» հարմարեցրել է միայն իր շահերին՝ հայտարարելով իբր ադրբեջանական հողերի «օկուպացիայի» ու այլ, արդեն «ավանդական» դարձած հարցերի մասին։
Հատուկ ուշադրություն Բաքուն հրավիրել է այդ քննարկումներին Կոնստանտին Զատուլինի մասնակցությանը, քանի որ վերջինս Ռուսաստանի Դումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Զատուլինը Երևանում արել է այնպիսի հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում նրա դիրքին ու պաշտոնին։