Թուրքիայի դատախազությունը պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների
Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի խորհրդական Սաուդ ալ Քահթանին գլխավորել է ընդդիմադիր լրագրողի սպանությունն իրականացրած 18 հոգանոց հանցավոր խումբը:
Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի նախկին տեղակալ գեներալ Ահմեդ ալ Ասիրին էլ այն անձն է, ով իր երկրի իշխանությունների կողմից մեղադրվում է լրագրողի սպանության համար: Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Խաշոկջիի սպանությունը տեղի է ունեցել հենց Ալ Ասիրիի կողմից պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման և իշխանությունների հրամանը սխալ կատարելու հետևանքով:
Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում: Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է հյուպատոսության շենքում եղած վեճի հետևանքով: Լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 18 անձ: