Իսպանիայում ոստիկանները երեք տոննա կոկաին են բռնագրավել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում բռնագրավել է մոտ երեք տոննա կոկաին, որը թմրավաճառները փոխադրում էին Լատինական Ամերիկայից՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Կասկածյալները թմրամիջոցը նավից բեռնաթափել են Գրան Կանարիա (Կանարյան կղզիներ) կղզուց երկու մղոն հեռավորությամբ գտնվող երկու նավակների մեջ։ Այն պահին, երբ նրանք փորձել են կոկաինով փաթեթները ափ հանել, կատարվել է բռնագրավումը՝ հայտնել է ոստիկանությունը։
Նշվում է, որ բռնագրավվել է նաեւ հրազեն։ Հիմնական գործողության ընթացքում կալանավորվել է 13 մարդ, եւս չորսը կալանավորվել են ավելի ուշ՝ Կանարյան կղզիներում եւ Մադրիդում։ Կասկածյալները հիմնականում իսպանացիներ են, սակայն նրանց մեջ կան նաեւ Ուրուգվայի եւ Արգենտինայի մեկական քաղաքացի։ Հետախուզման մեջ է եւս երկու մարդ։
Կալանավորվածներին առաջադրվել են թմրանյութերի մաքսանենգության եւ փողերի լվացման մեղադրանքներ։