«Դեղին ժիլետները» մերժել են վարչապետի առաջարկած միջոցառումները
«Դեղին ժիլետներ» շարժման ներկայացուցիչներին չի բավարարել երեքշաբթի Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ։ BFMTV հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Բենժամեն Կոշին, ում շատ ԶԼՄ-ներ անվանում են շարժման պաշտոնական ներկայացուցիչ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Մենք ուզում ենք ոչ թե մորատորիում, այլ վառելիքի հարկերի ավելացման չեղարկում»,- ասել է Կոշին՝ հավելելով, որ առաջարկը նման է «ֆրանսիացիների հանդեպ ծաղրի»։
Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին ժիլետներ» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին։ Ֆրանսիայում հունվարի 1-ից 1լ բենզինի գինը 2,9 եվրոցենտով կաճի, դիզելինը՝ 6,5 եվրոցենտով։ Europe1 ռադիոալիքի տվյալներով՝ 2018թ․ ընթացքում դիզելային վառելիքի գինն աճել է 23 տոկոսով, բենզինինը՝ 15 տոկոսով։