«Դեղին բաճկոններին» փոխարինում են «սպիտակ խալաթները». Ֆրանսիայում կրկին ցույցեր են
Առավոտյան Ֆրանսիայի բժշկական համակարգի աշխատակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել բժշկական տրանսպորտի ֆինանսավորման հետ կապված բարեփոխման պատճառով, գրում է RT-ն:
Շտապ օգնության հարյուրավոր մեքենաներ արգելափակել են կենտրոնական մայրուղիները, որոնք տանում են դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենք:
Բժշկական հաստատությունների արհմիության աշխատակիցների կարծիքով՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ուղղումը, որի համաձայն հիվանդանոցները պետք է պայմանագրեր կնքեն մասնագիտացված փոխադրողների հետ, փոքր բիզնեսին վնաս են հասցնում:
Ավելի վաղ նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել Բորդոյում, Մարսելում և Լիոնում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել էին «դեղին բաճկոնների» բողոքի ակցիանները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ակցիաները վերածվել էին զանգվածային անկարգությունների: Ցուցարարները մեքենաներով փակել էին քաղաքի երթևեկելի հատվածները: