Ֆրանսիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ կատարված քայլն անվանելով սադրիչ ու առկա իրավիճակն ապակայունացնող, գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Ֆրանսիան մտահոգված է անցյալ շաբաթ օրը Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակմամբ և դատապարտում այդ սադրիչ ու ապակայունացնող գործողությունները», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերթական ճեպազրույցի ժամանակ՝ կոչ անելով Իրանի անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր տեսակի գործողությունները:
Ֆրանսիայում նաև հիշեցրել են, որ Իրանի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2015 թվականին ընդունված բանաձևին:
Շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել՝ ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա նշել է, որ խոսքը «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որն ունակ է մի քանի մարտագլխիկ կրել»:
2015 թվականի հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2231 բանաձևը, որը հավանության է արժանացնում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունումը:
Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) 2015-ին կնքել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը, որով չեղարկվում էին Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, իսկ Իրանն էլ սահմանափակել է միջուկային փորձարկումները:
Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել համաձայնագրից: