Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել մեռած բաբելոներենով
Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել մեռած բաբելոներենով, հայտնում է Daily Mail–ը։
«Աղքատ մարդը Նիպուրից» անունը կրող այդ ֆիլմի գործողությունները ծավալվում են 2 հազար տարի առաջ։ Հատուկ այդ նախագծի համար գիտնականները վերականգնել են անհետացող այդ լեզուն մինչեւ իսկ հնչյունները։
«Մահացած լեզվի հնչյունների վերականգնումն ինչ–որ առումով արվեստ է։ Մեր բախտը բերել է, որ մենք հունական այբուբենում բաբելոներենի տառադարձությունն ունենք։ Բացի այդ, բաբելոներենը սերտորեն կապված է արաբերենի եւ եբրայերենի հետ»,–պատմել է պրոֆեսոր Մարտին Ուորթինգթոնը։
Նրա խոսքով՝ այդ ամենն օգնել է իրենց, քանի որ սեմական լեզուների հնչյուններն ավելի կայուն են, քան հնդեվրոպական լեզուներինը։
20 րոպե տեւողությամբ ֆիլմի սյուժեն պատմում է մի երիտասարդի մասին, որը որոշել է վրեժ լուծել քաղաքի ղեկավարից իր այծի սպանության համար։