Էս Սուվեյդայի շրջանում ԻՊ-ի ավելի քան 270 զինյալ է ոչնչացվել
Սիրիական բանակը երկրի հարավում գտնվող Էս Սուվեյդայի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 270 զինյալի է ոչնչացրել, գրում է РИА Новости-ն: Այս մասին հայտնել է արաբական հանրապետությունում Ռուսաստանի զինված ուժերի զորքերի խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը:
Նրա խոսքով՝ գործողությունը կատարվել է եղանակային բարդ պայմաններում՝ «խորը ձորերով և լայն քարանձավներով, տարբեր ուղղահայաց փորվածքներով և լայն բացվածքներով տեղանքում»:
«Տարածքում հակառակորդը ստեղծել էր ամուր պաշտպանություն: Պաշտպանության բոլոր գծերում հակառակորդն ունեցել է զինամթերքի և սննդամթերքի պահեստներ», - ասել է ՌԴ Զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:
Մակարևիչի խոսքով՝ գործողությունը դժվարացել է նաև այն պատճառով, որ տեղանքում տանկերի և ծանր տեխնիկայի տեղաշարժը սահմանափակված է եղել, զինյալներն ունեցել են բազմաթիվ նռնականետներ, հակատանկային հրթիռներ և 82 մմ ականանետներ:
Սիրիացի զինվորներին, այնուամենայնիվ, հաջողվել է մեծ քանակությամբ զենք բռնագրավել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 17-ին հարձակման ժամանակ կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատել են Դամասկոսից 92 կմ հեռավորության վրա գտնվող էս Սավեյդայի շրջանի Թել Էս Սաֆա լեռնային կիրճը: 380 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում էր Սիրիայի հարավում «Իսլամական պետության» վերջին հենակետը: SANA գործակալության տվյալներով՝ գործողությունների ընթացքում վերացվել է Հարավային Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Հաջեր աշ-Շիշանին և մի քանի դաշտային հրամանատար: