Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. Սուրեն Շահվերդյան
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը Facebook-ի իր էջում գրում է. «Համազգային թատրոնի սիրելի դերասաններ, սիրելի թատերասեր հանրություն,
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում:
Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ իմ մեկնաբանությունը: Այդ պահին անակնկալի գալով՝ արվեստագետին բնորոշ էմոցիոնալ խառնվածքով պատասխանել եմ. «Մեր երկրում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե թատրոնում կլինեն դերասաններ, որոնք իմ ներկայացրած ծրագրին համաձայն չեն լինի և չեն ցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ»:
Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. պատասխանը եղել է հապճեպ, էմոցիոնալ և գուցե՝ ոչ ականջահաճո:
Խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան հարթակում այս պատերազմը, տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել ներդաշնակ մթնոլորտում: Հայաստանի թատերական միջավայրը մի ամբողջ մեծ ընտանիք է, որտեղ բոլորս ընկերներ և բարեկամներ ենք, որտեղ պետք է բացառել առճակատումն ու անհանդուրժողականությունը:
Խնդրում եմ շարունակել ծառայել Նորին Գերազանցություն Թատրոնին: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք ստեղծել արժանի ներկայացումներ և մեր գործով ապացուցել, որ հայ թատրոնը կար, կա և կլինի»: