Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը Արգենտինայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է պատմել Արգենտինայում G20 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպումից:
Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, երկու երկրների առաջնորդների հանդիպումը տևել է 50 րոպե, նախորդ օրը նախագահները նաև «ոտքի վրա» կարճ հանդիպում էին ունեցել:
Հայտնի է, որ Թրամփն ու Էրդողանը գլխավորապես քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակն ու սիրիական Մանբիջում թուրքական և ամերիկյան զինուժերի համատեղ անելիքները:
Հիշեցնենք, որ Թուրքիան պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել Մանբիջում գործող քրդական ջոկատներին ցուցաբերվող աջակցությունն ու դուրս հանել քուրդ զինյալներին տարածքից:
Ավելի վաղ Անկարան և Վաշինգտոնը հավանության էին արժանացրել սիրիական Մանբիջում իրավիճակի կայունացմանն ուղղված «ճանապարհային քարտեզը», այնուհետև հայտարարվել էր, որ թուրք և ամերիկացի զինծառայողները համատեղ հերթապահություն են սկսել սիրիական Մանբիջում:
Բացի դրանից, Էրդողանը Թրամփի հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
«Այդ հարցում չեմ ուզում հույսս կտրել: Դեռ հույս ունեմ: Հուսով եմ, որ այդ հարցը կլուծենք», - ասել է Էրդողանը: