Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ տուժածների թիվը հասել է 110-ի
Փարիզում բենզինի գնի աճի դեմ շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը շաբաթ՝ դեկտեմբերի 1-ին, հասել է 110-ի: Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներին, տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նշվում է, որ տուժածների թվում կա ոստիկանության 17 աշխատակից: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածների թիվը հասել է 270-ի:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 1-ին անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ անվտանգության ապահովման, օգնության ցուցաբերման և կարգուկանոնի հաստատման համար ներգրավվել է 65 հազար ոստիկան ու ժանդարմ, ինչպես նաև 30 հազար հրշեջ:
Բենզինի գների բարձրացման դեմ զանգվածային բողոքի ցույցերը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մեկնարկել են նոյեմբերի 17-ին, ապա շարունակվել նոյեմբերի 24-ին: ՆԳՆ-ի տվյալներով՝ շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 15:00-ի (երևանյան ժամանակով ժամը 18:00-ին) դրությամբ ամբողջ Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 75 հազար մարդ: