Արգենտինայում Պուտինն ու Թրամփը կարճատև զրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական զրույց են ունեցել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին շաբաթ՝ դեկտեմբերի 1-ին, հայտնել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, գրում է TACC-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկինը երեկ ընթրիքի ժամանակ մի քանի ոչ պաշտոնական զրույցներ են ունեցել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Պուտինի հետ», - հայտարարել է Սանդերսը:
Գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կարճատև հանդիպման ժամանակ պատասխանել է Սև ծովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հարցերին՝ ընդգծելով, որ իր տեսակետը նույնն է մնացել, իսկ Թրամփն ունի իր սեփական տեսակետը:
Միևնույն ժամանակ Պուտինն ափսոսանք է հայտնել պաշտոնական հանդիպման չեղարկման առնչությամբ՝ հավելելով, որ հանդիպումը կկայանա այն ժամանակ, երբ ամերիկյան կողմը պատրաստ կլինի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը չեղարկելու մասին: Այս որոշումը Թրամփը կայացրել էր Կերչի նեղուցում կատարված միջադեպի հարցով զեկույցին ծանոթանալուց հետո: Նրա խոսքով՝ հիմնական պատճառն այն էր, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա: