Թրամփը դեկտեմբերի 5-ը ազգային սգո օր կհայտարարի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համազգային սուգ կհայտարարի երկրում՝ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է Սպիտակ տան մամլո ներկայացուցիչ Սառա Սանդերսը:
«Նախագահը դեկտեմբերի 5-ին ազգային սուգ կհայտարարի: Նա և առաջին տիկինը կմասնակցեն Բուշ ավագի հուղարկավորությանը Վաշինգտոնի մայր տաճարում», – ասվում է Սանդերսի հաղորդագրության մեջ:
«Գիշերը նախագահին և առաջին տիկնոջը տեղեկացրել են Ջուրջ Բուշ ավագի վախճանի մասին: Նախագահ Թրամփի և նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև առավոտյան հեռախոսազրույց տեղի կունենա», – հավելել է Սանդերսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ 41-րդ նախագահ Բուշ ավագը կյանքից հեռացել է այսօր՝ 94 տարեկան հասակում: Նա հինգ երեխա ունի, 17 թոռ, 8 ծոռ: Վերջին տարիներին նրա մոտ Պարկինսոնի հիվանդություն էր ախտորոշվել, ինչի պատճառով նախկին քաղաքական գործիչն ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով: