Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա. Բաքուն պատասխանել է Մոսկվային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը ու ընդդիմացել այն խոսքերին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան այցելելու թույլտվություն տալը չի խախտում Արցախյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության նորմերը։
«Եթե հետևենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությանը, ապա Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները բողոքում են, որ Բակո Սահակյանին թույլ են տվել Արցախի նախագահի կարգավիճակով հանդիպումներ ունենալ Ռուսաստանում։ Պաշտոնական Բաքուն կրկին մեջբերել է ՄԱԿ-ի ծեծված 4 բանաձևերը, այսպես կոչված «օկուպացիան» և այլ խոսքեր, որ անդադար կրկնում է Արցախի մասին իր պաշտոնական հայտարարություններում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դժգոհության երկրորդ ալիքը հարուցած հայտարարությանը, որ արել է ռուսական կողմը, ապա խոսքը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի երեկվա հայտարարության մասին է, որտեղ Մարիա Զախարովան անհիմն էր համարել Բակո Սահակյանի այցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ պնդումները։
«Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, նրա կարգավիճակն ակնհայտ է, և այն մասնավոր այցի կարգավիճակում չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։ Հետևաբար, ռուսական կողմին ուղղված գանգատները, որոնք արտահայտված էին վերջերս ադրբեջանական կողմի հրապարակած հայտարարության մեջ, մեր տեսանկյունից անհիմն են համարվում»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-հեռուստամարաթոնի օրերին Արցախի ղեկավարն այցելել էր Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան։ Առաջին երկու երկրներին պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր ուղարկել, իսկ Մոսկվայի դեպքում բավարարվել էր միայն հայտարարությամբ։