ԱՄՆ նախկին և ներկա նախագահները ցավակցական ուղերձներ են հղել Ջորջ Բուշ ավագի մահվան կապակցությամբ
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան բոթին անմիջապես հաջորդել են երկրի ներկայիս և նախկին նախահագների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների ցավակցական ուղերձները, գրում է Daily Mail-ը:
ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ հայտարարություն է տարածել, որում Բուշ ավագին «հզոր» մարդ է անվանել: Նա դրվատել է երկրի 41-րդ նախագահի «արժանահավատությունը», «զինաթափ անող խելքը» և «հավատքի անսասանությունը»:
«Ես և Մելանյան միանում ենք ամերիկացի ժողովրդին՝ սգալու նախկին նախագահ Ջորջ Բուշի մահը», - գրել է Թրամփը:
Հատկանշական է, որ անցած տարվա դրությամբ Բուշի և Թրամփի հարաբերություններն այնքան էլ լավ չէին. նախկին նախագահը Թրամփին «պարծենկոտ» էր անվանել:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ ցավակցական հեռագիր է հղել, որը պարունակում է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առանձին ցավակցական նամակները:
«Հանձին Ջորջ Բուշ ավագի՝ Ամերիկան կորցրեց մեծ հայրենասերի և հայրենիքի խոնարհ ծառայի», - ասված է ուղերձում:
«Ջորջ Հ. Ու. Բուշը վեհագույն բնավորության տեր մարդ էր և լավագույն հայրը, որ կարելի է երազել: Բուշ ընտանիքը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են և աղոթել հայրիկի համար, կիսել մեր վիշտը»,- հայտարարել են նախկին նախագահի երեխաները՝ Ջեբ, Նիլ, Մարվին, Դորո և Ջորջ Բուշերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ԱՄՆ-ում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1993 թվականը, 1981-1989 թվականներին եղել է ԱՄՆ փոխնախագահ:
Բուշ ավագը Երկրորդ աշխարհամարտին մասնակցած վերջին ԱՄՆ նախագահն էր: