ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են Դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին
ՌԴ Կուրգանսկի մարզի իրավապահ մարմինների աշխատակիցները նախօրեին ձերբակալել են գործարար և Շչուչանսկի շրջանային դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին, որ նախկինում ղեկավարել է ավտոճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող ձեռնարկությունը:
Ինչպես հայտնում է Область 45 հեռուստաալիքը, հայազգի գործարարին կասկածում են կաշառք տալու մեջ: Նշվում է, որ Բաբայանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները հազարավոր թղթադրամներ են հայտնաբերել՝ ռուբլի, դոլար և եվրո արժույթներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գործարարին կասկածում են շինարարության վարչության նախկին տնօրեն Ռոման Վանյուկովին պայմանագրի վճարման համար հատուկ խոշոր չափի կաշառք (26 մլն ռուբլի) տալու մեջ:
Նշվում է, որ խուզարկությունների արդյունքում Բաբայանի, Վանյուկովի և նրանց միջնորդի բնակարաններից մոտ 12 մլն ռուբլի է առգրավվել: