ԱՄՆ-ը Լեհաստանին է վաճառելու 650 մլն դոլարի հրթիռային սպառազինություն
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը համաձայնություն է տվել Լեհաստանին վաճառել M142 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, նմանատիպ այլ զինատեսակներ, դրանց արձակման համար նախատեսված հրթիռներ, հարակից սպառազինություն ու այլ հատուկ միջոցներ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության հաղորդագրության մեջ։
Lockheed Martin ընկերության մեծածավալ արտադրանքը Լեհաստանին վաճառելու համար դեռ հարկավոր կլինի խորհրդարանականների հաստատումը, սակայն այսպիսի գործարքների դեպքում դա խիստ ձևական հարց է, քանի որ Լեհաստանն ԱՄՆ-ի դաշնակիցն է ու «ռուսական ագրեսիան» իր վրա կրող առաջին բնագիծը։
Վաճառքի կայացման դեպքում Լեհաստանին կմատակարարվի մասնավորապես HIMARS հրթիռային համակարգի 20 արձակման կայան։ Դրանցից արձակված տարբեր տեսակի հրթիռներ հնարավորություն ունեն թիրախները խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա։