ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստում կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստին, որն անցկացվելու է դեկտեմբերի 6-7-ը Միլանում:
Ինչպես Զախարովան նշել է, նիստի շրջանակներում նախատեսվում է աջակցություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերին:
Բացի դրանից, ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ է նախատեսվում անցկացնել անդամ երկրների իր պաշտոնակիցների, ԵԱՀԿ ղեկավարության և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Կլինեն երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում առավել հանգամանորեն կքննարկվի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Քննարկումների ժամանակ հնարավոր է որոշակի քայլեր և առաջարկներ նշվեն», - շեշտել է Զախարովան: