Թուրքիան 84 երկրի մատակարարում է օդանավերի և ուղղաթիռների պահեստամասեր
Թուրքիայի արտահանողների միության (TİM) նախագահ Իսմայիլ Գյուլլեն ելույթ է ունեցել Թուրքիայի «Միջազգային համագործակցության պլատֆորմի» կողմից կազմակերպված Բողազիչիի 9-րդ գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցել են շուրջ 80 երկրի բիզնես և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ։ Գրում է Ermenihaber-ը:
«Թուրքիան 157 երկիր ավտոպահեստամասեր է արտահանում, 84 երկիր՝ ինքնաթիռի և ուղղաթիռի պահեստամասեր, 164 երկիր՝ կենցաղային տեխնիկա, 113 երկիր՝ հեռուստացույց»,-նշել է Գյուլլեն։
Ըստ նրա՝ հոկտեմբերին Թուրքիան ընդհանուր առմամբ 15․7մլրդ դոլարի արտահանում է իրականացրել, ինչը ռեկորդային արդյունք է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ։ Գյուլլեն հույս է հայտնել, որ այդ արդյունքը հնարավոր կլինի պահպանել, իսկ մինչև տարեվերջ էլ արտահանման ծավալները հասցնել 170 միլիարդի։
Նա նաև շեշտել է, որ Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալների ընդլայնման գործում մեծ նշանակություն ունի հենց Բողազիչիի գագաթնաժողովը, որի շրջանակներում մինչ օրս առնվազն 1․7մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել։