Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալման ալ Սաուդը ցանկանում է Արգենտինայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը, Չավուշօղլուն նշել է, որ նախագահը դեռ հստակ պատասխան չի տվել սաուդյան կողմին:
«Արքայազնը հեռախոսով հարցրել է Էրդողանին, թե արդյոք Բուենոս Այրեսում իրենց հանդիպումը կազմակերպելու հնարավորություն կա՞: Էրդողանն ասել է՝ «Տեսնենք»: Այս պահին չհանդիպելու համար որևէ հստակ պատճառ չկա», - ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձանցից մեկը:
Թուրքիայի նախագահի կարծիքով՝ սաուդցի լրագրողի սպանությունը բարդություններ չի ստեղծում Անկարայի և Էր Ռիադի միջև հարաբերություններում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ բարեկամական հարաբերությունների պատճառով թուրքական իշխանությունները մտադիր չեն «աչք փակել» Խաշոգջիի սպանության վրա և ավարտին են հասցնելու հետաքննությունը: