Ադրբեջանում մտահոգ են ԱՀ նախագահի այցերից
Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ այցերից հետո Արցախի նախագահն այցելել է նաև Ռուսաստան՝ Մոսկվա։ Առաջին երկու դեպքում պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին ու Վաշինգտնոնին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տալու համար, բայց Ռուսաստանի դեպքում չի հանդգնել ու բավարարվել է միայն հայտարարությամբ։
Ադրբեջանում մոլորության մեջ են ու կարծում են, որ Արցախն իրենց տարածքն է, և թե իբր Արցախի իշխանությունները լեգիտիմ չեն։ Այդ պատճառով էլ նրանք խանդով են վերաբերվում Բակո Սահակյանի այցերին։ Սակայն նրանք մտահոգ են նաև այլ առիթներով։ Ադրբեջանական ընդդիմադիր կայքերից մեկն այս այցերը դիտարկում է որպես այցեր ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներ։
Ադրբեջանցի ընդդիմադիր փորձագետներից մեկը Contact.az-ի հետ զրույցում հայտարարել է, թե համանախագահների մայրաքաղաքներ այցերի նպատակը հակամարտության կարգավորման ձևաչափը փոխելն է։ Փորձագետը հայտարարել է, թե հայկական կողմը (կամ կողմերը) փորձում է բանակցային սեղան վերադարձնել Ստեփանակերտը՝ որպես երրորդ կողմ, ինչին ուղղված են նաև Հայաստանի ներկա վարչապետի հայտարարությունները։
Մեկ այլ փորձագետ, սակայն, ավելի իրատեսական բնորոշում է տվել այցերին՝ Բակո Սահակյանը հայկական երեք ամենամեծ գաղթօջախների մայրաքաղաքներ է գնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար նվիրատվություններ հավաքելու։
Երկու դեպքում էլ ադրբեջանական կողմը մտահոգ է։