Նոր Զելանդիայում ավելի քան 140 սև դելֆին ափ է նետվել ու սատկել
Նոր Զելանդիայի հեռավոր լողափերից մեկում ավելի քան 140 սև դելֆին ափ է նետվել ու սատկել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Սթյուարտ կղզում:
Հայտնի է, որ ափ նետված դելֆիններին առաջինը հայտնաբերել է քայլարշավորդների խումբն ու Բնության պաշտպանության հարցերով վարչություն զանգահարել:
Երբ մասնագետների թիմը դեպքի վայր է ժամանել, սև դելֆինների կեսից ավելին արդեն սատկած է եղել: Գնահատելով իրավիճակն ու դեռևս ողջ մնացածներին օվկիանոս ուղարկելու անհնարինությունը՝ որոշում է կայացվել մահացու ներարկում անել դելֆիններին ավելորդ տառապանքներից փրկելու համար:
Պարբերականը նկատում է, որ կետերի ու դելֆինների զանգվածային ափ նետումները «սովորական» բնույթ են կրում Նոր Զելանդիայում, որտեղ 1840թ. ի վեր ավելի քան 5.000 նմանատիպ դեպք է գրանցվել:
Գիտնականներին դեռևս չի հաջողվել լիարժեք հասկանալ կետերի ու դելֆինների զանգվածային ափ նետման պատճառները, սակայն ենթադրվում է, որ այս հարցում լուրջ դեր են խաղում հիվադությունները, նավիգացիոն սխալները, մակընթացությունն ու տեղատվությունը, եղանակային ոչ բարենպաստ պայմաններն ու գիշատչի հետապնդումները: