Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. տուժել է 70 մարդ
Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով:
Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 16:37-ին (երևանյան ժամանակով ժամը 20:37): Հաղորդվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 46 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության և Իրանի Սար-Փոլե-Զահաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 70 մարդ: Հայտնի է, որ մարդիկ վնասվածքներ են ստացել ոչ թե ցնցումների հետևանքով, այլ դրանց պատճառով առաջացած խուճապի: