Հալեպի բնակելի թաղամասերում քիմիական հարձակում իրականացրած ահաբեկիչների դիրքերը ոչնչացված են
Ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել շաբաթ Հալեպում քիմիական հարձակում իրականացրած ահաբեկիչների դիրքերին: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկիչների հրետանու տեղակայման դիրքերի ուղղությամբ, որտեղից նոյեմբերի 24-ի երեկոյան քիմիական զինամթերքով գնդակոծվել է Հալեպ քաղաքի խաղաղ բնակչությունը», - ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Վերջինս ընդգծել է, որ ավիահարվածների արդյունքում ահաբեկիչների բոլոր թիրախները ոչնչացվել են: Նրա խոսքով՝ թուրքական կողմը նախապես տեղեկացվել է ավիահարվածների մասին:
Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացրել է, որ Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով դատապարտել Հալեպի հարձակումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող լուրերի համաձայն՝ Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումները թունավոր նյութերով ռմբակոծել են քաղաքի բնակելի թաղամասերը:
«ՍԱՆԱ» պետական գործակալության տվյալներով՝ ահաբեկչությունից հետո 107 մարդ հիվանդանոց է տեղափոխվել շնչահեղձությամբ, նրանցից ոմանք՝ ծանր վիճակում:
Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան: