Ալ Պաչինոն կմարմնավորի շեքսպիրյան Լիր արքային
Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն կնկարահանվի Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» դրամայի նոր էկրանավորման մեջ՝ մարմնավորելով հանճարեղ դրամատուրգի ամենահայտնի կերպարներից մեկին, հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ նկարահանման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում: Ֆիլմի ռեժիսորն է «Օսկար»-ի առաջադրված Մայքլ Ռեդֆորդը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 78-ամյա դերասանն ու Ռեդֆորդը նախկինում համագործակցել են Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի էկրանավորման շրջանակում: 2004թ. նկարահանված ֆիլմում Պաչինոն մարմնավորել էր վաշխառու Շեյլոքին:
«Ալը վաղուց է այս գաղափարի շուրջ մտածում: Իրականում Շեյլոքի ու Լիր արքայի միջև մեծ տարբերություն կա. Շեյլոքը հայտնվում է ֆիլմի ընդամենը 5 դրվագում, մինչդեռ Լիր արքան ամենուր է: Կարծում եմ, որ Ալին դա դուր կգա, քանի որ նա հրաշալի դերասան է»,- ասել է Ռեդֆորդը:
Ավելի վաղ Ալ Պաչինոն խոստովանել է, որ հիացած է Շեքսպիրի գործերով ու կցանկանար, որ դրանք ավելի շատ էկրանավորվեին: