Գաղտնազերծվել է ԱՄՆ-ի և Կորեայի առաջնորդների միջև 40 տարի առաջ չկայացած հանդիպման մանրամասները
1979 թվականին Միացյալ Նահանգները փորձել է գաղտնի եռակողմ հանդիպում կազմակերպել Ջակարտայում՝ Հյուսիսային և Հարավային Կորեայի առաջնորդների մասնակցությամբ:
Այդ մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին:
Բանակցությունների նպատակն էր՝ սառը պատերազմի պայմաններում պետությունների միջև լարվածության թուլացումը: Գաղտնի հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերն էր: Հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Ջակարտայում, քանի որ «բոլոր կողմերի համար դա հատկապես հարմար է, քանի որ նրանցից յուրաքանչյուրն Ինդոնեզիայի մայրաքաղաքում ուներ իր պաշտոնական ներկայացուցչությունը»:
Նշվում է, որ հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ Քարթերը չի կարողացել համոզել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Իր Սենին մասնակցել այդ բանակցություններին:
Իսկ պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ և ԿԺԴՀ նախագահները հանդիպել են այս տարվա հունիսի 12-ին՝ Սինգապուրում: