Ցույցերի պատճառով 7 ոստիկան է տուժել. բախումներ Փարիզում (ուղիղ)
Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնի» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ:
Բողոքի ակցիաների պատճառով Փարիզում սահմանափակվել է երթևեկությունը: Փոխվել են վերգետնյա տրանսպորտի որոշ երթուղիներ: Փակվել է նաև քաղաքի մետրոյի կենտրոնական 7 կայարան:
Հայտնի է, որ այսօր ցուցարարները բողոքի ակցիաներ կիրականացնեն Փարիզի Մարսյան և Ելիսեյան դաշտերի, Ազգային ժողովի, Պորտ Մայոյի, Բաստիլիայի, Հանրապետության և Համաձայնության հրապարակների տարածքներում:
Սպասվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի շուրջ 30 հազար ֆրանսիացի: Քաղաքի փողոցներում անվտանգությունը կապահովի մոտ 3000 ոստիկան ու ժանդարմ:
Վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին: Դրանց մասնակցել է ավելի քան 300 հազար մարդ: Բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 2, վիրավորվել ավելի քան 600 մարդ: