334 ներգաղթյալ է մահացել Թուրքիայի ափամերձ ջրերում
Թուրքական «Cumhuriyet» թերթում տեղ գտած հրապարակման համաձայն վերջին ժամանակաշրջանում աճել է ներգաղթյալների թիվը, ինչի հետևանքով պետության հաշվին 57 չարթերային թռիչք է իրականացվել ներգաղթյալներին իրենց երկիր վերադարձնելու նպատակով։
Չարթերային թռիչքներից 15-ը եղել է Իրաքի, 42-ը Աֆղանստանի ուղղությամբ և պետության համար արժեցել է 6 միլիոն 348 հազար 500 ամերիկյան դոլար։
Մեկ այլ տվյալի համաձայն Թուրքիայի ափամերձ ջրերում ներգաղթյալներին տեղափոխող նավերի խորտակման հետևանքով վերջին երեք տարվա ընթացքում 334 գաղթական է մահացել։
Սիրիայից եկող գաղթականների հոսքին զուգահեռ, կայքի պնդմամբ, Թուրքիան պայքարում է նաև Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքից ներթափանցող գաղթականների անկանոն հոսքի դեմ։
«Cumhuriyet»-ի ներկայացրած տվյալներով 2011-2018 թթ. ընթացքում մոտ 917 հազար ապօրինի գաղթական է հայտարարվել, որոնցից 200 հազարը՝ ծովում։