Տասը տարվա ընթացքում Բելառուսն Ադրբեջանին 500 մլն դոլարի սպառազինություն է վաճառել
Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ զենքի առեւտուրն արդեն երկար տարիներ է, ինչ շարունակվում է։ Զենքի գործարքները, պայմանագրերի արժեքն ու ծավալները գաղտնի են պահվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ տասնամյա համագործակցության ընթացքում Մինսկը մոտ 500 մլն դոլարի զենք, տեխնիկա եւ ռազմական սարքավորումներ է վաճառել՝ տեղեկացնում է 42.TUT.by-ը։
2005թ․ Բաքուն Մինսկից ստացել է 19 Т-72 տանկ, 2006թ․՝ 41, 2012թ․՝ 62։ Հաջորդ տարիներին տեխնիկայի մատակարարման պաշտոնական տվյալներ չկան։ Ադրբեջանական АПА գործակալության տեղեկատվությամբ Բելառուսն Ադրբեջանին 153 Т-72 տանկ է մատակարարել։ Դա մի ամբողջ տանկային բրիգադ է։
2008 եւ 2009 թվերին Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 12 «Պիոն» հրետանային սարք, որը մի ամբողջական դիվիզիոն է կազմում։
2009 եւ 2012 թվերին Բելառուսը երկու փուլով Ադրբեջանին 120 Д-30 տեսակի հրանոթ է մատակարարել։
2009-2012թթ․ մատակարարվել է 11 Су-25 կործանիչ։
Բելոռուս մասնագետները նաեւ մասնակցում են ադրբեջանական բանակի արդիականացման ծրագրերին։
Այժմ հայտնի է Ադրբեջանին տասնյակ «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր մատակարարելու մասին։
Նշվածները Ադրբեջանին Բելառուսից մատակարարված զենք եւ զինամթերքի մի մասն են կազմում։