Կառավարության անդամները կարող են համատեղել քարոզչության գործընթացը ծառայողական պարտականությունների կատարման հետ
«Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և լրագրողների հանդիպման ժամանակ մի քանի անգամ հնչեց հարց, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ գտնվել արձակուրդում, և ստանալով բացասական պատասխան՝ լրագրողների մի մասը մտահոգություն հայտնեց, որ դա կլինի պաշտոնական դիրքի չարաշահում։ Այս կապակցությամբ պետք է տրվի պարզաբանում։
Եվ այսպես.
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի (Պատգամավորի թեկնածուների կարգավիճակը) 2-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները (բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների) օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրն օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից:
Ինչը նշանակում է, որ հանրային ծառայողներ հանդիսացող պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը պետք է գտնվեն չվճարվող արձակուրդի մեջ, ի տարբերություն՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների, որոնց համար սահմանված է բացառություն, որի համաձայն՝ վերջիններս նշված ժամանակահատվածում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Իսկ նման ցանկություն չունենալու դեպքում նրանք կարող են ստանալ օրենքով իրենց հասանելիք արձակուրդը»։
Էդուարդ Աղաջանյան, Facebook