Եվրամիությունը 124 մլն եվրո կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրների զարգացմանը
Եվրոպական միությունը մտադիր է 124 մլն եվրո ներդնել Կենտրոնական Ասիայի զարգացման տարբեր նախագծերի մեջ։ Այս մասին «ԵՄ-Կենտրոնական Ասիա» ձեւաչափով ԱԳ նախարարների հանդիպումների արդյունքներով հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ԵՄ ծրագրերը, մասնավորապես, ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը։ «Մեր երկկողմ ծրագիրը կօգնի Ղրղզստանի կառավարությանը բոլորի համար արդար եւ համընդհանուր կրթություն ստեղծել»,- ասել է միջազգային համագործակցության եւ զարգացման հարցերով ԵՄ հանձնակատար Նեւեն Միմիցան։ Այդ նպատակների համար 36 մլն եվրո կհատկացվի։
88 մլն եվրոյի եւս 6 ծրագիր կուղղվի Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենիայում եւ Ուզբեկստանում մասնավոր ոլորտի, առեւտրի զարգացմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանը։