«Հայաստան» համահայկական հիմնադրամը գործելու է ավելի թափանցիկ ու հաշվետու. Հայկակ Արշամյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին։
Այս մասին ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ ուղիղ եթերում հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
«Հիմնադրամը պետք է աշխատի նոր Հայաստանի ոգով։ Մեր սփյուռքահայ բոլոր հայրենակիցներն ու Հայաստանի քաղաքացիները միասին պետք է կերտեն նոր Հայաստան։ Հիմնադրամում մեծ փոփոխություններ են կատարվել և դեռ կատարվելու են։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հիմնադրամի նախկին վստահությունն ավելանա, Հայաստանի նոր կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն ու մոտեցումները, կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարը բերելու են նրան, որ հիմնադրամի նկատմամբ վստահությունն օրեցօր աճելու է»,- հայտարարեց Հայկակ Արշամյանը։
Նա ընդգծեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործելու է ավելի թափանցիկ ու հաշվետու։
Արշամյանը հայտարարեց, որ փորձելու են նաև կազմակերպել առցանց դրամահավաքներ նոր, ավելի փոքր նախագծերի համար։ Մասնավորապես, նա ընդգծեց ստարտափերի վրա մեծ թվով ներդրումներ անելու անհրաժեշտությունը։