Մարվել ու շրջանառության մեջ է դրվել հայկական արժույթի 25-ամյակին նվիրված նամականիշը (տեսանյութ)
Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 22-ին «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմայով նամականիշ է մարվել ու շրջանառության մեջ դրվել:
Արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձինք: Միջոցառման բացումը կատարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որն իր ելույթում հակիրճ ներկայացրել է հայկական արժույթի պատմությունն ու անցած տարիների ընթացքում գրանցած առաջընթացը, որին հետևել է նամականիշի մարման արարողությունը:
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և ‹‹Հայփոստ›› ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Նամականիշի կենտրոնում պատկերված են հայկական դրամի գրանշանը ու 25-ամյակ գրառումը՝ հայերեն ու անգլերեն լեզուներով: Եզրային հատվածը կրում է «ՀՀ Ազգային արժույթ» գրառումը: