Պիզայի աշտարակը սկսել է ուղղվել
Պիզայի հանրահայտ աշտարակի թեքությունը գնալով քչանում է: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, փորձագիտական դիտորդական խմբի տվյալներով՝ 57 մետր բարձրությամբ աշտարակը վերջին 20 տարում ուղղվել է 4 սմ-ով:
1990-ին հուշարձանը 800 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել է զբոսաշրջիկների համար. մտավախություն կար, որ կառույցը չի դիմանա: Այն ժամանակ աշտարակի վերին հատվածը ուղղահայաց դիրքից թեքվել էր 4.5 մետրով:
1993-2001 թվականներին մասնագետները փորձել են կայունացնել Պիզայի աշտարակի թեքությունը: Նրանց ջանքերի շնորհիվ թեքությունը հաջողվել է կրճատել 45 սմ-ով: Նրանց իրականացրած արշավը 225 մլն եվրո է արժեցել:
Աշտարակն իր հայտնի թեքությունն ստացել է կանգնեցման սկզբում. շինարարությունն սկսվել է 1173-ին: Ավազի և կավի շերտը, որի վրա կանգնած է հանրահայտ հուշարձանը, ավելի փափուկ է հարավային կողմում, այդ իսկ պատճառով հողը նստել է այն պահին, երբ շինարարներն արդեն երրորդ հարկին էին հասել: